вторник, 26 января 2016 г.

Տարիներ հետո…

Դու շատ էիր փոխվել,
Եվ այն չէր նաև քո աչքերի հետ
Ասես ինչ-որ բան,
Թե հոնքերն էին քո չափից առավել
Արդեն կորացել,
Թե աչքերդ էին վաղուց մոռացել
Տունդարձի ճամփան,
Անկեղծ, չգիտեմ…
Սակայն իսկապես այն չէր ինչ-որ բան,
Կարծես թե մեզնից մեկն այդտեղ չկար,
Բայց ե՞րբ է դարձել անզեն մարդասպան
Ժամանակն ինքը,
Երբ հաճախ ինքն է օգնում և դառնում
Մահաբեր կյանքի քաղցր ստինքը։
Ո՞վ չկար մեզնից,
Երբ սիրո հարցում երեքի մեջ միշտ
Մե՜կն է ավելորդ…

Չեմ սիրում, գիտե՞ս,
Սակայն իմ ներսում կա դեռ կուսական
Ուրիշ մեկ այլ «ես»,
Որը ազնիվ է իր սիրո հարցում,
Որ մենակ է դեռ։
Իսկ ի՛նքս,
Ի՜նքս շրջափակված եմ այնպիսի սիրով,
Որ թույլ կտամ քեզ ինձ էլ նախանձել,
Այո՛, նախանաձել, այլ ոչ թե գանձել
Ո՛չ էլ վիրավոր ձիու պես սանձել
Ինձ քո դյութական ձայնալարերով։

Եվ պարում էիր,
Եվ պարում էի,
Սակայն, իմ պարը բնավ չեմ հիշում,
Ու մեղեդին էլ հանդարտ էր այնպես,
Ասես դեռ այն նույն տերևն էր խշշում,
Որից հիշո՞ւմ ես երբ մենք ակամա
Վախենում էինք, թե մեզ կտեսնեն…
Ես լոկ քեզ համար,
Իսկ դու արգելված քո սիրո առթիվ։
Բայց հիմա արդեն հանգիստ ենք բնավ,
Մեր բախտն այնպես է,
Ինչպես չէինք կարծում,
Մեզ հալածողը թե բախտն էր առաջ,
Տես արդեն ոնց ենք բախտին հարվածում։

Ինձ չէի՜ր ճանաչում։
Հրաշալի՜ էր։
Այդ պատճառով էլ ազատ էի ես,
Սակայն, երբ որ իմ անունն էին կանչում
Դու ո՞ւր էիր փախչում,
Եվ ինչի՞ էիր այնպես հառաչում,
Որ նկատեմ քեզ…
Է՛լ ինչն էր պահում, ի՞նչ էր կապում մեզ,
Երբ ժամանակին բախտը մեկ զարկով
Կտրեց մեզ կապող ամե՜ն-ամեն բան։

Ես չեմ սիրում քեզ,
Սակայն քո հանդեպ կա դեռ կուսական
Չբացված ինչ-որ այլաբանություն…

Սևակ Բերդ

понедельник, 25 января 2016 г.

«Անքնություն»





Երբ քնած էիր դու, մեղավոր ու խորթ նորից եկա տուն,
Արբած էի ես կնոջո՜վ, գինո՜վ, հոգնած ու անքուն,
Իմ դեմքն անմռունչ, իսկ ինքս դատարկ ու արատավոր,
Քայլեցի անվարժ քայլերով տարտամ անկյունից անկյուն։

Ինձ չեն հիացրել  ոչ մի սիրած կույս դեռատի և վես,
Ինձ չեն հիացրել ոչ մի հրե կին մերկ ու անտրտունջ,
Ես ամեն անգամ, ամենքի գրկում կարոտել եմ քեզ,
Եվ լոկ քո կողքին եմ ես միշտ գտել նիրհս անշշունջ։

Իմ կյանքն արհավիրք, իմ կյանքը խառնակ սիրո և դավի,
Իսկ ես պատանի, ես ողջահայաց ջահել եմ այնպես,
Ինձ չեն ջերմացնում ո՛չ մուսսոնները հրե հարավի,
Ոչ էլ հինավուրց և վաղեմացած սերերն իմ անտես։

Ես տրտմնադեմ նստում եմ հանգած վառարանի մոտ,
Եվ մեր ընտանի, սերտ ու ջերմատենչ օջախն եմ վառում,
Սենյակում մռայլ տաք բոցկլտում է կրակ ու կարոտ,
Իսկ ես աչքերն իմ քո նորաբողբոջ դեմքին եմ հառում։

Եվ զարմանում եմ, թե ինքս այսքան և՛ ծեր, և՛ մանուկ,
Ձեռքերս ամեն անհավատարիմ կույս ու կնոջոտ,
Հոգիս պոետի, իսկ սիրտս տրտում ու տխրադալուկ,
Ի՞նչ խոսքով,ասա, ես ինձ ամոքեմ ապա գամ քեզ մոտ։

Իսկ դրսում ասես մշտնջենական գիշեր է իջել,
Ճերմակ ձյան հետ եկել է ինչ-որ տոնական թախիծ,
Է՞լ ում ես հիմի քո հեռուներից լալագին հիշել,
Թողած այսպիսի գիրկը ընտանի և սերը անբիծ։

Եվ ես տեր որպես, որպես ամուսին քայլում եմ քեզ մոտ,
Եկեղեցական երդման մեջ անփույթ այր խոստումնազանց,
Դու խոստումնապահ, հնազանդ իմ կին, հավերժի կարոտ,
Ինչքա՜ն ես իմ դեմ դու աստվածային, և ինքա՜ն ես թանկ։

Կարծես թե մեկն ինձ շշնջալով կանչեց խոհանոց,
Սեղանի վրա ինձ հետ հարգանքով ժպտում էր գինին,
Գուցե իրավ է, որ ես խելառ եմ, աչքերն են իմ գոց,
Եվ ես կուրորեն տրվում եմ կյանքի ամեն վայելքին։

Սեղանի կողքին նստած մի պատկեր պոետանման,
Սեղանի վրա պառկած կոնյակի և գինու շշեր,
Աշխարհն է ասես արբած հորանջում լուսնոտի նման,
Որքա՜ն տարբեր էր, որքա՜ն անբաղդատ կյանքս այս գիշեր։

Սևակ Բերդ

Քո շուրթերը…


Քո շուրթերը, ո՜չ, շրթներկի համար չեն,
Ոչ էլ տաշած ինչ-որ սուրճի բաժակի,
Որ ամեն մի սովորական ումպի հետ,
Այն անզգա ապակե սպասքը պաչեն․․․

Քո շորթերը շշնջալու համար չեն՝
Ո՛չ կանչող խոսք, ո՛չ էլ չքնաղ մեղեդի,
Որ ամեն մի տխրանվագ հովի հետ,
Ինչ-որ մորմոք կամ տրտում երգ հառաչեն։


Քո շուրթերը մրմնջալու համար չեն,
Ո՛չ կենաց խոսք, ո՛չ էլ մի փուչ լլկանքի,
Որ բարբառած յուրաքանչյուր խոսքի հետ,
Թե չժպտան, գոնե երբեք չամաչեն։

Չէ՜, շուրթերդ լոկ համբույրի համար են,
Համբուրվելո՜ւ, և՛ կարիքի, և՛ կրքի,
Որ համբույրիդ ամեն երկար պաչի հետ,
Քաղցր գինի կամ մեղրաջուր շառաչեն։

Սևակ Բերդ

понедельник, 11 января 2016 г.

Տոնական թախիծ

Ամեն նոր տարվա և նոր ձյան հետ,
Քո հեռացումի ճամփին եմ նայում,
Իբր թե մաղթանք, կամ բարի ավետ,
Ոչ մի կենաց խոսք ինձ չի հմայում։

Գուցե տոնական սեղան ես բացել,
Քո քնքշանքներով նուրբ ու կանացի,
Հազար ծանոթի տներով անցել
Իմ տունը թողած՝ նստել ես հացի։

Գուցե բանում են հյուրընկալ քո տան,
Դարպաս և թե դուռ, լուսազարդ ու գոց,
Եվ բարձրացնում են գինին տոնական,
Սիրո մեջ օտար ձեքերը անփորձ․․․

Իսկ ես օրհնում եմ քո վառ ապագան,
Հեռավոր և մոտ հարազատի պես,
Մոռացած քո տան հյուրնկալ ճամփան,
Եվ մի վաղամեռ հին սիրած որպես։

Ամեն նոր տարվա և նոր ձյան հետ,
Քո վերադարձի ճամփին եմ նայում,
Գուցե հիշո՞ւմ ես, թե արդեն անհետ,
Մարել են բոլոր կանչերն աշխարհում։

Սևակ Բերդ