среда, 16 апреля 2014 г.

« Արցունքը… »

Մտավ սրտիս մեջ կսկիծը նորից,
Ու կոպերն իմ ծանրացան հանկարծ,
Կարծես անանուն ինչ որ մի ցավից,
Զգացի դարձան իմ աչքերը թաց։

Ե՛վ վիշտը մտավ սրտիս մեջ ցավով,
Ու դարձյալ ասես ի՞նչ որ հրաշքով՝
Բարձրացավ մինչև աչքերս հոգնած,
Դարձավ նյութական ջրակերտ մի ցավ։

Հետո կարոտի ամպերը ելան,
Ծովերի աղի ջրերով բեղուն,
Դարձյալ ընտրեցին իմ սրտի ճամփան,
Աչքերս նորից դարձան շողշողուն…

Հետո մեծ սիրո մի ամպ բարձրացա՜վ,
Եվ նորից ի՞նչ որ հրա՜շք կատարվեց,
Դա նույնպես սրտիս ներսը լուռ անցավ,
Արդեն հրճվանքի՜ց աչքերն իմ լցվեց։

Ու հորդեց նորից աչքերից իմ թաց,
Այն նույն նյութական աղի մասունքը,
Որ գտած մուտքը սիրտն է ջերմ ու բաց,
Իսկ ելքը աչքն է, տեսքը արցունքը։

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

« Էլի մութ գիշեր… » (նվիրված է)


Գարնան անո՜ւշ գիշերվա մեջ ես այսօր,
Քո պատկերը աստղիկներով գծեցի,
Լույսնի լույսը տարածեցի՛ շուրջ բոլոր,
Ու կարոտով բաց երկնի տակ նստեցի։

Հետո մի մեծ ամպի ծվեն պոկեցի՛,
Եվ զուգեցի՜ ես վարսերդ սևաթել,
Ու որ լինեիր է՛լ ավելի գեղեցիկ՝
Ծիր կաթինն էի քո ուսերին փաթաթել։

Կոր լուսինը ես մտովի՛ շրջեցի,
Կառուցեցի՜ քո շուրթերը ժպտացող,
Եվ մեղմ քամու հոսանքի հետ ցրեցի,
Սև ամպերը քո աչքերին մոտեցող։

Հմայվեցի՜  ես քո տեսքով լուսերես,
Անիրական քո պատկերով շողարձակ,
Այսպես սիրով հորինեցի սեր իմ քեզ,
Ու տենչացի՜, ու թախծեցի՜ համարձակ։

Անորոշություն…

Ի՞նչ որ մի տեղ, ի՞նչ որ վայրում գիտե՛մ, կաս,
Ի՞նչ որ օտար հեռուներում անծանոթ,
Կամ թախծո՞ւմ ես, կամ խնդությամբ անպակաս,
Եվ վանում ես, եվ կանչում ես ինձ քեզ մոտ:

Քեզ ի՞նչ է պետք, ի՞նչ ես ուզում չգիտեմ,
Ես գա՞մ քեզ մոտ, թ՞ե քեզանից հեռանամ,
Ի՞նչ հայացքով ասա կանգնեմ ես քո դեմ,
Ի՞նչ հրաշքով հեգնանքներդ մոռանամ:

Նետել ես իմ շուրջը անհուն մի կարոտ,
Որտեղ հիմա սև վարդեր են խոյացել,
Եվ տարածել անմարսելի համ ու հոտ,
Սեվ թուխպի պես սրտիս վրա ծանրացել:

Ես չգիտեմ, չեմ հասկանում սե՛ր իմ քեզ,
Ես չգիտեմ, թե ի՞նչ անեմ քեզ համար,
Թե ո՞նց կարդամ լուռ խոսքերդ անհամար,
Ինձ վարժեցված մեսրոպատառ գրքի պես:

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

« Դեռ փոքր է… »


Դեռ փո՛քր է՝
Ու դեռ ոչի՜նչ չի հասկանում,
Բայց և իրեն թվո՛ւմ է թե,
Պարզ է ամենն, ինչը որ կա այս աշխարհում:

Նա ժպտում է ու ծիծաղում,
Չհասկացած բանի վրա,
Եվ մերթ աչքերն արցունքոտում,
Երբ շոյում ես այտը նրա:

Մայրն էլ հաճախ չի հասկանում,
Թե խինդը իր, թե նազանքը,
Լռեցնե՛լն է, ա՛յդ է միայն
Դառնում նրա երազանքը:

Նա փոքր է դեռ, ժիր ու կայտառ,
Ու ամեն ինչ բազմերանգ է իր աչքերում,
Անգամ սևն է իր աչքերում գունեղ ու վառ,
Այնքա՜ն հեշտ է ապրել իրեն այս աշխարհում:

Նա չգիտի ինչ ասել է մարդու կորուստ,
Դե՛  իհարկե, կմեծանա, կհասկանա…
Նա չգիտի վշտի մասին, ի՞նչ է ցավը,
Ի՞նչ խնամքով ու բարդությամբ կմեծանա:

Նա փոքր է դեռ,անզուսպ, համառ,
Պահանջում է ա՛յն, ինչը որ իրենը չէ,
Մտածում է ստեղծված է հենց իր համար,
Աշխարհը ողջ, դաշտերն անգամ բաց կանաչե:

Նա փո՛քր է, նրբիրան է, քաղձր ու անուշ,
Եվ սիրաշատ մայրն էլ հաճախ չի հասկանում,
Որ իր ամեն բարկությունը վաղը վերհուշ,
Ու հաստատուն մանկան հուշ է մի օր դառնում…


Հեղ.՝ Սևակ Բայրամյան