понедельник, 25 января 2016 г.

«Անքնություն»





Երբ քնած էիր դու, մեղավոր ու խորթ նորից եկա տուն,
Արբած էի ես կնոջո՜վ, գինո՜վ, հոգնած ու անքուն,
Իմ դեմքն անմռունչ, իսկ ինքս դատարկ ու արատավոր,
Քայլեցի անվարժ քայլերով տարտամ անկյունից անկյուն։

Ինձ չեն հիացրել  ոչ մի սիրած կույս դեռատի և վես,
Ինձ չեն հիացրել ոչ մի հրե կին մերկ ու անտրտունջ,
Ես ամեն անգամ, ամենքի գրկում կարոտել եմ քեզ,
Եվ լոկ քո կողքին եմ ես միշտ գտել նիրհս անշշունջ։

Իմ կյանքն արհավիրք, իմ կյանքը խառնակ սիրո և դավի,
Իսկ ես պատանի, ես ողջահայաց ջահել եմ այնպես,
Ինձ չեն ջերմացնում ո՛չ մուսսոնները հրե հարավի,
Ոչ էլ հինավուրց և վաղեմացած սերերն իմ անտես։

Ես տրտմնադեմ նստում եմ հանգած վառարանի մոտ,
Եվ մեր ընտանի, սերտ ու ջերմատենչ օջախն եմ վառում,
Սենյակում մռայլ տաք բոցկլտում է կրակ ու կարոտ,
Իսկ ես աչքերն իմ քո նորաբողբոջ դեմքին եմ հառում։

Եվ զարմանում եմ, թե ինքս այսքան և՛ ծեր, և՛ մանուկ,
Ձեռքերս ամեն անհավատարիմ կույս ու կնոջոտ,
Հոգիս պոետի, իսկ սիրտս տրտում ու տխրադալուկ,
Ի՞նչ խոսքով,ասա, ես ինձ ամոքեմ ապա գամ քեզ մոտ։

Իսկ դրսում ասես մշտնջենական գիշեր է իջել,
Ճերմակ ձյան հետ եկել է ինչ-որ տոնական թախիծ,
Է՞լ ում ես հիմի քո հեռուներից լալագին հիշել,
Թողած այսպիսի գիրկը ընտանի և սերը անբիծ։

Եվ ես տեր որպես, որպես ամուսին քայլում եմ քեզ մոտ,
Եկեղեցական երդման մեջ անփույթ այր խոստումնազանց,
Դու խոստումնապահ, հնազանդ իմ կին, հավերժի կարոտ,
Ինչքա՜ն ես իմ դեմ դու աստվածային, և ինքա՜ն ես թանկ։

Կարծես թե մեկն ինձ շշնջալով կանչեց խոհանոց,
Սեղանի վրա ինձ հետ հարգանքով ժպտում էր գինին,
Գուցե իրավ է, որ ես խելառ եմ, աչքերն են իմ գոց,
Եվ ես կուրորեն տրվում եմ կյանքի ամեն վայելքին։

Սեղանի կողքին նստած մի պատկեր պոետանման,
Սեղանի վրա պառկած կոնյակի և գինու շշեր,
Աշխարհն է ասես արբած հորանջում լուսնոտի նման,
Որքա՜ն տարբեր էր, որքա՜ն անբաղդատ կյանքս այս գիշեր։

Սևակ Բերդ

Комментариев нет:

Отправить комментарий