воскресенье, 22 декабря 2013 г.

Ամեն ինչ նույնն է…


Ես տուն եմ դառնում,
Նորից նույն բակը,և փողոցը նույն,նույն տունը կրկին,
Ու անփութորեն իմ դուռն եմ բանում,
Եվ փռվում է իմ շուրջը հալոցքով,
Նույն երանգներն ու պատկերները հին:
Քայլում եմ առաջ,շուրջս եմ նայում,
Ամե՜ն ինչ նույնն է,ու ամե՜նն է սին,
Եվ ինձ էլ ոչինչ էլ չի հմայում,
Ու ամեն ինչն էլ դարձել է չնչին:
Էլի մտախոհ նստում եմ մենակ,
Այն նույն կիսվառ վառարանիս մոտ,
Ա՜խ  ե՞րբ պիտի դուք անդարձ հեռանաք,
Հուշե՜ր մթամած,հուշե՜ր իմ ցավոտ:
Աթոռն է նորից անկյունում դրված,
Եվ սեղանն է դեռ նույն պատի տակին,,
Եվ ես աթոռին դեռ գունատ նստած,
Նայում եմ խոհուն, անթարթ հատակին:
Ամե՜ն ինչ նույնն է,և օդն է նույնը,
Եվ մահճակալն  իմ սեղանի կողքին,
Վարագույրն անգամ չի փոխել գույնը,
Եվ պատերն են դեռ առաջվա պես հին:
Մի մոլոր կարոտ իմ դուռն է թակում,
Թախիծն է խուժում լուսամուտից ներս,
Եվ մեկը կարծես դառնացած,բակում,
Լալիս է կորած,որբ մանուկի պես:
Ես լուռ, կիսականգ ելնում եմ հանկարծ,
Ու կսկծանքով իմ դուռն եմ բանում,
Բայց կարոտի հետ անկոչ ու անկարծ,
Թախիծն է անգամ տնից հեռանում:
Ու մնում եմ ես դարձյալ մեն մենակ,
Վառարանիս հետ,ու հին պատերի,
Եվ ցավում եմ որ,դեռ մի ժամանակ,
Կարոտ ու թախիծ հեգնել գիտեի:
Արդեն ատում եմ մենակությունը,
Եվ ամեն ինչն եմ ընդունում դողով,
Եռո՜ւմ է արդեն այն ցանկությունը,
Տեսնել դեմքը քո հարսանյաց քողով:
Ատում եմ արդեն և ձանձրույթը սին,
Նույն երանգներն ու գույները բոլոր,
Եվ քե՜զ մթամած բազմակյանք լուսին,
Որ դատարկ ստվերն իմ գետնին պատճենում՝
Ու մենությունս ես հուշում ամեն օր:
Ամե՜ն ինչ նույնն է,ամեն ինչ չնչին,
Եվ ամեն ինչն է գտնվում տեղում,
Միայն գրիչն ու թուղթն իմ առաջին,
Շարժվում են ինքնին ու գրո՜ւմ…  գրո՜ւմ…

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий