вторник, 14 апреля 2015 г.

«Երազում»

Հերթով գալիս են, ու ամեն գիշեր,
Իմ սերերն անցած երազ են խուժում,
Որքա՜ն իգական անուն եմ մաշել,
Եվ նրա՛նք, որոնց բնա՜վ չեմ հիշում։

Նստում են շուրջն իմ պատուհանի,
Եվ ամեն գիշեր սենյակս հսկում,
Ու ներս են մտնում այնպե՜ս ընտանի,
Որ անկողնումս հյուր եմ ինձ զգում։

Այդպես էլ եկավ և Նա՜ այս գիշեր,
Դրժելով  վաղո՜ւց  շնորհված  երդում,
Թե ընտրությունը այնժամ ուրիշ էր՝
Հիմա ինձ համար Սևա՜կ էր կարդում։

Նա ի՞նչ իմանար, դեղնա՜ծ էջերում,
ինչքա՜ն սպասում և սեր կար պահված,
Թեև ժպտում էր,չէր էլ հասկանում,
Որ ինքն էր ամեն տողում պատկերված։

Ե՛վ առաջվա պես ամոթխած էլ չէր,
Ե՛վ շարժումներն էր արդեն կանացի,
Շատ բաներ իր մեջ արդեն փոխված էր,
Իր ա՜յն մանկական ժպիտից բացի։

Հերթով գալիս են, ու ամեն գիշեր,
Իմ սերերն անցած երազ են խուժում,
Որքա՜ն իգական անուն եմ մաշել,
Բայց դեռ քո մաշված անունն եմ ուզում։
(Սևակ Բերդ)

Комментариев нет:

Отправить комментарий