пятница, 20 декабря 2013 г.

Կենացդ լինի՛… (հիշատակ)

Քո  ծննդյանդ օրն է եղբայր իմ,
Ու  խմում եմ քո կենդանի կենաց,
Գուցե ինձ հետ ես,հիմա իմ կողքին,
Ու աչքերն են քո աչքերիս պես թաց:

Ցավում է սիրտն իմ,սոսկում իմ հոգին,
Ինձ միայն դու ես կարող կարեկցել,
Անկատար իղձերն իմ հանձնվեց հողին,
Ինչն անցած տարի քեզ էի ցանկացել:

Այսպես անհաշտ է,այսպես անսովոր,
Այսպես մտախոհ դեռ ես չէի եղել,
Ի՞նչ ցանկամ ես քեզ,լինես բախտավո՞ր,
Երբ բախտը ինքն է քո բախտը վճռել:

Գուցե քեզ մաղթեմ քաջ առողջություն,
Ինչպես հարգի է ծննդյան տոնին,
Մաղթեմ անսահմա՜ն սեր, երջանկությո՜ւն,
Արդեն անարժեք մաղթանքները հին:

Գուցե իրավմամբ հիմա ինձ հետ ես,
Ինձ պես  լրջախոհ,ինձ պես  լրջադեմ,
Ա՜խ, մի հրաշքո՜վ կուզեմ գրկեմ քեզ,
Մի անգամ հպարտ կանգնեմ վշտիս դեմ:

Հոսում է գինին երակներիս մեջ,
Ու ճնշում է ինձ եռոցքով իր տաք,
Ասես  բազմուղի մագմա է անշեջ,
Որ ճյուղավորվում է հյուծված մաշկիս տակ:

Ու այրվում եմ ես,այրվում է գինին,
Բայց անտես, ներսից,ո՞վ կհասկանա,
Ու մրմնջում եմ կենացներս հին,
Որ երբե՜ք,երբե՜ք չի իրականանա:

Քո տոնն է այսօր,եղբա՜յր տարաբախտ,
Քո երջանկաշատ օրը անմոռաց,
Բայց ես անզոր եմ բորբ մահի դիմաց,
Մահն է անկոտրուն,կյանքի դեմ անհաղթ:


Նայում եմ շուրջն իմ,մարդիկ են քայլում,
Քեզ այնքա՜ն մոտիկ,այնքա՜ն հարազատ,
Ո՛չ մեկի դեմքին ժպիտ չի փայլում,
Վիշտն  է պատնեշել սահմանը ազատ:

Անանց խոհերն են պատել իմ հոգին,
Սև ամպերի պես մթամած ու լուռ,
Այպես լինում է երբ որ ամպրոպին
Հաջորդում է հորդ անձրևն ամենուր:

Բայց անձրևելու արցունք էլ չկա,
Թափվել են նրանք իմ մեջ,իմ ներսում,
Լացել ուզում եմ,բայց արցունք չկա՜
Ջրվեժի պես է այն ներս է հոսում:

Երջանկահիշատակ կենացդ անգի՜ն,
Սակայն ես գիտեմ,կենդանի՜ ես,կա՜ս,
Եվ որ ինձ հետ ես,հիմա իմ կողքին,
Միշտ քո ծննդյան տոնից անպակաս:

… էլ ի՞նչպես քեզ հետ, խոսեմ կամ գրեմ,
Այսպես տանջվում եմ,այսպես ես մեղք եմ,
Բացվել ես շուրջն իմ մի գունա՜տ եդեմ,
Մարդկանցով լեցուն լուռ ու տխրադեմ:

Ինչևէ,այսօր օրն է եղբայր իմ,
Օրը քո ուրախ, ժպտուն, ցանկալի,
Եվ գիտեմ ի՞նչ է տենչում քո հոգին,
Տեսնել  դեմքներս խենթ հրճվանքով լի:

Բայց և սոսկալի վիշտն այս լռեցնող,
Ծածկել զորու չէ ե՛վ ոչ մի դիմակ  ,
Եվ ամեն ինչն է հիմա անկարող,
Ցավի դեմ անգութ,անտակ,անհատակ:

Քո  ծննդյանդ օրն է եղբայր իմ,
Ա՜խ,  խմում եմ քո կենդանի կենաց,
Գիտե՜մ  ինձ  հետ ես, ժպտուն, իմ կողքին,
Եվ  աչքերը քո  աչքերիս պես թաց…

Հեղ.՝ Սևակ Բայրամյան

Комментариев нет:

Отправить комментарий