Քար լռություն է,ո՛չ մի խենթ աղմուկ,
Ժամացույցն է լոկ անկանգ մրմնջում,
Աշխարհում կարծես ինչպես որբ մանուկ,
Սիրտն է իմ ցաված, հոգնատանջ ննջում։
Անխոսությո՜ւն է,լռությո՜ւն է խոր,
Մենության վախն է պատել իմ հոգին,
-Ասա՛ ինձ ողջը, լալկացած անդորր,
Ո՞րն է իմ սիրո ճշմարիտ ուղին։
Ի՜նչ լռություն է,երազկոտ,ցավոտ,
Ու ի՜նչ խոհեր եմ իմ մեջ ամփոփել,
Հոգիս է պատել մի անանց կարոտ,
Որ միայն դու ես կարող սփոփել։
Եվ այս անխոսուն լռության ներքո,
Ու սևաշաղախ գիշերով այս կույր,
Ինչպես ես գտնեմ լուռ հայացքը քո,
Եվ ինչպես առնեն քո շորթից համբույր։
Դե՜ռ լռություն է,մի անխախտ անդորր,
Ու գիշերը սև վրանն է փռել,
Կարծես այպես է եղել ամեն օր,
Ու ողջ աշխարհն է միշտ այսպես լռել։
Խո՜ւլ լռություն է,ո՛չ մի խենթ աղմուկ,
Դեռ ժամացույցն է անկանգ մրմնջում,
Եվ աշխարհում այս ինչպես որբ մանուկ,
Երազկոտ սիրտն է իմ հանգիստ ննջում։
հեղ.՝ Սևակ Բայրամյան
Комментариев нет:
Отправить комментарий