Լուսնոտությունը մարդու գիտակցության աստիճանն է՝ հոգեկան վիճակի դրսեւորումը

«Լուսնոտությունը խելագարության հետ ոչ մի կապ չունի»,- ասում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հոգեբան Նաիրա Պետրոսյանը:
Լուսնոտ արտահայտությունը վախ է առաջացնում շատերի մեջ, ու շատերը նրանց համարում են հիվանդ, նույնիսկ խելագար:
Նախկինում լուսնոտությունը համարվել է առեղծվածային հիվանդություն՝ ուստի հենց այդ է պատճառը, որ մարդիկ երկյուղել են լուսնոտներից, տեսնելով, որ նրանք կարող են քայլել տանիքի եզրերով՝ հրաշքով պահպանելով հավասարակշռությունը կամ գուշակել ապագան:
Միջազգային բժշկությունը լուսնոտությանը այլ անվանում է տվել՝ սոմնամբուլիզմ, այսինքն՝ քնաշրջություն, գիշերաշրջություն:
Ըստ հոգեբանի, լուսնոտությունը հիվանդություն է, բայց ախտորոշիչ չէ. «Սա անմեղ հիվանդություն է, անգամ սխալ է այն հիվանդություն կոչելը, քանի որ կապ ունի մարդու հոգեկան վիճակի հետ, իսկ հոգեբանության մեջ հիվանդություն բառը չի օգտագործվում»:
Ն. Պետրոսյանի բնութագրմամբ, լուսնոտությունը կիսարթուն վիճակն է, երբ մարդ խորը քնի մեջ է եւ չի կարողանում արթնանալ, բայց նրան թվում է՝ արթուն է. «Այսինքն՝ գիտակցությունը գտնվում է քնած եւ արթուն վիճակների մեջտեղում: Այդ վիճակում մարդը վեր է կենում մահճակալից եւ իրեն թվում է, որ ինքն արթուն է եւ այն, ինչ իր հետ կատարվում է, իրականություն է, ինչին ձեռք է տալիս՝ ռեալ է: Այս վիճակում մարդը կարող է շրջել տան սենյակները եւ այդ ամենը փակ աչքերով: Լինում են նաեւ դեպքեր, երբ լուսնոտի աչքերը բաց են լինում, բայց գիտակցությունը լիովին քնած վիճակում է: Լուսնոտություն առաջանում է, եթե կենտրոնական նյարդային համակարգի արգելակումը քնած ժամանակ չի տարածվում շարժողական ֆունկցիաներն ապահովող գլխուղեղի հատվածների վրա: Ոչ լրիվ եւ ոչ խորը արգելակման դեպքում մարդը քնած ժամանակ խոսում է, նստում անկողնում...»:
Լուսնոտության շուրջ պտտվող լեգենդների մասին մեր զրուցակիցն ասաց. «Ասում են՝ լուսնոտները խելագարներ են, ուրեմն ունեն հոգեկան խանգարումներ: Հավաստիացնում եմ, որ հոգեկան խանգարումների հետ լուսնոտությունը կապ չունի եւ չի էլ կարող հոգեկան խանգարումը դրսեւորվել լուսնոտությամբ: Դա մարդու գիտակցության աստիճանն է՝ հոգեկան վիճակի դրսեւորում: Ավելի ճիշտ՝ լուսնոտությունը առանձնահատկություն է, որով օժտված է մարդը»:
Բժշկության մեջ լուսնոտությունը բնութագրվում է որպես քնի խանգարման հազվադեպ ձեւ, որը հնարավոր է հոգնածության, ասթենիկ նեւրոզների, հիսթերիայի, էպիլեպսիայի դեպքերում կամ ծանր հիվանդությունից ապաքինվելուց հետո:
Հոգեբանն այն նկարագրում է որպես գենետիկ հատկություն, որը կապ ունի սթրեսների, ապրումների հուզական վիճակների հետ. «Լուսնոտությունը չի կարելի համարել ինչ-որ բարդ բան, ասես՝ լուսնոտ է եւ վախենաս: Լուսնոտության վտանգը միայն այն է, որ լուսնոտները կարող են իրենց վնասել, որովհետեւ շատ հաճախ չեն կարողանում ճիշտ կողմնորոշել առարկաները եւ դռան տեղ օգտագործում են, օրինակ, պատուհանը: Շատ են եղել դեպքեր, երբ լուսնոտները պատուհանից վայր են ընկել՝ պատուհանը դռան հետ շփոթելով...»:
Հարցին՝ ճի՞շտ է, արդյոք, որ լուսնոտներին քնից արթնացնել չի կարելի, Ն.Պետրոսյանը նշեց. «Ասում են՝ լուսնոտին որ արթնացնես, քեզ կսպանի կամ չգիտեմ ինչ կանի: Նման բան չկա, լուսնոտին արթնացնելը շատ դժվար բան է, որովհետեւ նա մի ֆազայում է գտնվում, որտեղ ինֆորմացիա հասցնելը բավական բարդ է, այսինքն՝ այդտեղ հասնելը դժվար է: Անգամ նրան ցնցելն ու թափահարելը ոչ մի օգուտ չի տա: Լուսնոտին արթնացնելու միակ տարբերակը՝ նրան համոզելով անկողին տանելն է եւ պառկեցնելը, այդպիսով նա կշարունակի իր քունը եւ նորմալ քնից կարթնանա: Լուսնոտության նոպաների ժամանակ լուսնոտները կարող են ընկնել, վնասվել, որից էլ արթնանում են: Եթե գիշերաշրջության ժամանակ լուսնոտը խոսում է պարզ, հասկանալի լեզվով, ուրեմն նա գտնվում է խորը քնի մեջ, իսկ եթե նրա խոսքերն անհասկանալի են եւ կիսատ-պռատ, ուրեմն նա արթնանալու ճանապարհին է»:
Հոգեբան Նաիրան նաեւ ասաց, որ լուսնոտության դրսեւորման ձեւերից է նաեւ գիշերամիզությունը, երազում խոսելը. «Իսկ ավելի արտահայտված դրսեւորումն այն է, երբ քնած մարդը վեր է կենում անկողնուց, քայլում աննպատակ կամ երազի ազդեցությամբ, իսկ առավոտյան այդ մասին հիշում է աղոտ կամ բոլորովին չի հիշում»:Ասում են՝ լուսնոտությամբ տառապող հիսթերիկ խառնվածքով անձինք իրենց հետ կատարվածը պատմում են վառ գույներով: Թե ինչով է պայմանավորված լուսնոտի՝ իր գիշերաշրջությունը չհիշելը, Ն. Պետրոսյանը հավելեց՝ «Այդ երեւույթը այն ֆազայում է գտնվում, որ հիշողությունը չի պահում այդ ինֆորմացիան»:
Առանձնահատկությունների մասին էլ ասաց. «Նրանք սովորական մարդիկ են: Ինչո՞ւ չենք զարմանում, երբ մարդ արթմնի վիճակում քայլում է... Սա հոգեկան վիճակի դրսեւորում է՝ կարող է լինել տագնապի, վախի հետեւանք: Վախի հետեւանք հիմնականում լինում է երեխաների մոտ, որը տարիների ընթացքում անցնում է: Շատ ավելի լուրջ պետք է վերաբերվել մեծ տարիքում առկա լուսնոտությանը: Այս պարագայում ընդունված է համարվել, որ դա լուրջ բանի հետեւանք է»:Եվս մեկ անգամ շեշտելով, որ լուսնոտությունը վտանգավոր երեւույթ չէ եւ ախտորոշիչ բնույթ չի կրում, հոգեբանը խորհուրդ տվեց. «Դժբախտ պատահարներից խուսափելու համար լուսնոտի սենյակի պատուհաններն ու դռները պետք է փակ պահել,

էլեկտրասարքավորումներն անջատել, քնաշրջությունը, ինչպես եւ քունը ընդհատել՝ հանգիստ, ցածր ձայնով: Ամենակարեւորը՝ լուսնոտին չպետք է տարանջատել, առավել եւս, հայերիս բնորոշ բնավորության համաձայն, պիտակավորել՝ հոգեկան հիվանդ կամ խելագար անվանել»: