понедельник, 7 мая 2012 г.

Ջենիֆեր Էնիսթոն / Jennifer Aniston / Дженнифер Энистон


 Ջենիֆեր Ջոաննա Էնիսթոն (անգլերեն՝ Jennifer Joanna Aniston, ծնվ. Փետրվար 11, 1969) — ամերիկյան դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր: Նա համաշխարհային հռչակ ձեռք բերեց 1990-ականներին «Ընկերները» հեռուստասերիալում Ռեյչլ Գրինին հիանալի մարմնավորելու համար: Այս դերը նրան բերեց մի շարք մրցանակներ՝ Էմմի (մրցանակ), Ոսկե Գլոբուս և Կինոդերասանների գիլդիայի մրցանակները:
Հետագայում ևս Էնիստոնը շարունակում է վայելել հոլիվուդյան հաջողակ դերասանուհու կարիերան: Նա քննադատների կողմից դրական գնահատանքի արժանացավ այնպիսի ֆիլմերում իր դերակատարումների համար, ինչպիսիք են «Նա է այն Միակը», «Գրասենյակային տարածք», «Լավ աղջիկը» և «Փողոտ ընկերներ»: Իր ամենաեկամտաբեր ֆիլմերը եղել են «Ամենակարող Բրյուսը», «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», «Մարլին և ես», «Ձևացի՛ր իմ կինը» և «Անտանելի տնօրենները»: 2012թ. Էնիսթոնն արժանացել է Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղի:

Կենսագրություն


Ջենիֆերը ծնվել է Լոս Անջելեսի Շերման Օուքս թաղամասում:Հայրը՝ Ջոն Էնիստոնը, ազգությամբ հույն է, ծնվել է Կրետեում,իսկ մայրը՝ Նենսի Դոուն, ծնունդով Նյու Յորքից է, ունի շոտլանդական, իտալական, իռլանդական և մի քիչ էլ հունական արմատներ: Ջենիֆերը երկու խորթ եղբայր ունի. Ջոն Մելիքը՝ մոր որդին, և Ալեքս Էնիստոնը՝ հոր որդին: Երբ Ջենիֆերը դեռ երեխա էր, ծնողների հետ շուրջ մեկ տարի ապրել է Հունաստանում:Հետագայում նրանք տեղափոխվում են Նյու Յորք,որտեղ Էնիստոնը սկսում է հաճախել Ռուդոլֆ Սթեյներ դպրոցը, հետագայում ավարտում է Մանհեթանի Ֆիորելլո ԼաԳուարդիա երաժշտության և արվեստների քոլեջը: Սկզբնական շրջանում կատարել է բազմաթիվ մեծ ու փոքր աշխատանքներ,ինչպես օրինակ մատուցողուհի, հեծանվով առաքիչ և այլն:1989թ. նա տեղափոխվում է Լոս Անջելես,Կալիֆորնիա:

Կարիերա

  Իր առաջին հեռուստատեսային դերը Էնիստոնը ստացել է 1990թ.:Այս սկզբնական շրջանում այն ֆիլմերը, որոնցում նա հանդես էր գալիս, սովորաբար կամ շուտ ավարտվում էին, կամ անհաջող էին դուրս գալիս: Այս փոքրիկ ձախողումները պատճառ դարձան անգամ, որ Ջենիֆերը լրջորեն մտածի դերասանուհու իր կարիերան թողնելու մասին: Այս մտքերը, սակայն,տեղի տվեցին, երբ Ջենիֆերին դեր առաջարկեցին «Ընկերներ»հեռուստասերիալում (1994-2004): Կատակերգական այս հեռուստասերիալի պրոդյուսերները նախապես Էնիստոնին ուզում էին հանձնել Մոնիկա Գելլերի դերը, սակայն Քորթնի Քոքսը ավելի հարմար գտնվեց այդ դերի համար, ուստի Էնիստոնին հանձնեցին Ռեյչլ Գրինին:

Այս պահից էլ հաջողությունը դարձավ Էնիստոնի մշտական ուղեկիցը իր կարիերայում: Սերիալի վերջին երկու եթերաշրջանների ընթացքում դերասանուհին մեկ միլլիոն դոլլար հոնորար էր ստանում յուրաքանչյուր սերիայի համար: 


Բացի դրանից հենց այս դերն էր,որ նրան բերեց Էմմի (մրցանակ) մրցանակ «Կատակերգական սերիալում լավագույն առաջատար դերասանուհու» անվանակարգում: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն Էնիստոնը /սերիալի իր խաղընկերուհիների հետ/դարձավ բոլոր ժամանակների հեռուստասերիալների ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը:

Կինո


Դեռ «Ընկերներ»-ում նկարահանվելու ժամանակ դերասանուհին սկսեց առաջարկներ ստանալ արդեն ֆիլմերում նկարահանվելու համար: Նրա դեբյուտը եղավ «Լեպրեկոն» ֆիլմը (1992), որը բացասական արձագանք գտավ քննադատների շրջանում, թեպետ ֆինանսապես հաջող ֆիլմ եղավ: Սրան հաջորդեց չորս տարվա ընդմիջում, որից հետո՝ 1996թ. նա վերադարձավ կինոարտադրություն. խաղաց «Նա է այն Միակը», «Մինչ դու կայիր», «Բարակ վարդագույն գիծը», ինչպես նաև քննադատների բարձր գնահատանքին արժանացած «Գրասենյակային տարածք» ֆիլմերում: Այս ընթացքում շատ կինոքննադատներ եկան այն կածիքին, որ Էնիստոնը բավականին եթերային դերասանուհի է: 


Էնիստոնի ամենաեկամտաբեր դերը եղավ 2003թ. «Ամենակարող Բրյուսը»ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր Ջիմ Քերիի հերոսի ընկերուհուն: Նրա ֆիլմերից մեկը՝ «Ամուսնալուծություն ամերիկյան ձևով», գրեթե 39.17 միլլիոն դոլլար եկամուտ բերեց ցուցադրման միայն առաջին շաբաթվա ընթացքում: Նրա հաջողված ֆիլմերից է նաև «Ձևացի՛ր իմ կինը», որտեղ Ջենիֆերը խաղում էԱդամ Սանդլերի հետ՝ մարմնավորելով Սանդլերի հերոսի՝ պլաստիկ վիրաբույժի օգնականին, որը հետագայում դառնում է նրա կինը: 2012-ին Էնիսթոնին կարող ենք սպասել «Տեղափոխությունների մոլուցք» ֆիլմում Փոլ Ռուդի հետ:

Այլ աշխատանքներ

Էնիսթոնը նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում, ինչպես նաև երաժշտական տեսահոլովակներում:Դրանց շարքում կարելի է առանձնացնել Heineken գարեջրի և L'Oreal մազերի խնամքի միջոցների գովազդները:
Մոտ մեկ տարի շարունակ դերասանուհին աշխատել է իր նոր օծանելիքի վրա, որը թողարկվեց 2010թ. հուլիսի 11-ին Լոնդոնում: Նախապես որոշվել էր այն անվանել ՛՛Lolavie by Jennifer Aniston՛՛, սակայն համանման այլ օծանելիքի հետ չշփոթելու համար այն ի վերջո անվանեցին պարզապես Jennifer Aniston: Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջենիֆերը հայտարարել է, որ կցանկանար նաև տղամարդու օծանելիք թողարկել:
2007թ.-ից նա աշխատում է SmartWater ըմպելիքի գովազդային արշավներում:

Բարեգործություն

Էնիստոնը ՛՛Friends of El Faro՛՛ կազմակերպության հովանավորներից է. կազմակերպությունը զբաղվում է Մեքսիկայի Տիխուանա քաղաքի մանկատներից մեկի համար գումար հավաքագրելով: Նա նաև հանդես է եկել St. Jude's Children's Research Hospital-ի մի շարք գովազդային հոլովակներում /նա հիվանդանոցի հովանավորներից է/: Բացի այդ դերասանուհին իր մասնակցությունն է ցուցաբերել 2008թ. սեպտեմբերին կայացած «Դիմադրի՛ր քաղցկեղին» շոուին: Ի թիվս այլ բարեգործությունների, նա 500.000 դոլլար է նվիրաբերել «Բժիշկներ առանց սահմանների» ակցիային՝ ուղղված Հաիթիի աղետի զոհերի օգնությանը

Հետաքրքիր տվյալներ
2007թ. Ֆորբս ամսագիրը Էնիստոնին ընդգրկել է շոու-բիզնեսի ամենահարուստ կանանց տասնյակում 110 միլլիոն դոլլար մաքուր եկամուտով:
Նա հայտնվել է People ամսագրի «Ամենագեղեցիկների», «Լավագույնս հագնվողների» ցուցակներում, FHM ամսագրի «Ամենասեքսուալ կանանց» ցուցակում, և այլն:
Եվ հիշեցնեմ,որ Էնիստոնը տղամարկանց՝ Men’s Health ամսագրում 100 ամենասեքսուալ կանաց մեջ առաջին տեղն է զբաղեցրել...
պատրաստեց՝ Ս.Բայրամյանը

Комментариев нет:

Отправить комментарий