Թեև չտվի՜ն, երբ ինձ պետք էր այն,
Բայց տարա՜ն ինձնից, երբ ես չունեի,
Շուրջս դատարկ էր, ու ես էի միայն,
Երբ որ բանական պայքար էր էլի։
Ինձ չտվեցի՜ն,բայց տարա՜ն հերթով,
Հաճախ կանգնեցին իմ ճանապարհին,
Ովքեր օտար էին, կանգնած մնացին,
Իմոնք հեռացա՜ն մի տարտամ երթով։
Ոմանք զորավիգ ձեռքե՜ր պարզեցին,
Ոմանք խնդրեցին, որ անխո՜ս մնամ,
Բայց ո՛չ իմ տեղը պատերազմեցին,
Ո՛չ էլ թողեցին, որ առաջ գնամ։
Եվ մաքառեցի՜, թեև հեռաձայն,
Իմ խոնարհ գրչով ամեն սգողին,
Եվ ազգայնանվեր գրիչն իմ անձայն,
Որդան կարմիր էր թափում մայր հողին։
Ու ամեն տառն իմ արյա՜ն էր նման,
Տառաձևերն էլ անհո՜ս գետերի,
Տողերն էին միայն ընգծում ճամփան,
Այն անքարզագիր երթը հայերի։
Ու ամեն տառն իմ շո՜ւնչ էր հայածին,
Արնաներկ ընկած թղթերիս վրա,
Ես ինչպե՞ս հայտնեմ ցավս ընկածին,
Ո՞նց սգամ գոցված աչքերը նրա։
Ինձ մնաց միայն ոխեգի՜ր գրել,
Սգերանգ մելանով էջերին հայի,
Որ մեկ օր լուծենք վրեժն անարգել,
Մեկ ու կես միլիոն արնաթափ տառի։
Ու հայ-պատմության որոշ գրքերի,
Ամեն մի տառն է ներկված արյունով,
Ա՜խ, ինչ ցնծությա՜մբ ես կմաքրեի,
Ա՜յն, հաղթանակած մեր եռագույնով։
Կեղծավորությամբ երբե՜ք չեմ ոռնա,
Երախո՜վ գայլի այն ոհմակատար,
Որ ո՛չ թե օգնո՜ւմ, այլ մարսո՜ւմ է նա,
Իրենց շարքերից խեղճերին տկար։
Երբ որ երկրի մեջ թակ մեկն է մեռնում ,
Երկի՜րն է կարծես լացախեղդ սգում,
Բայց ի՞նչ է լինում,երբ որ երկրի մեջ,
Ինքը՝ երկիրն է մայր հողը գրկում։
Ահա և այդպես լացախե՜ղդ եղավ,
Սրբածի՜ն մի ազգ՝ Հայաստանությո՜ւն,
Եվ երկրագունդը ճչա՞ց սրտացավ,
Երբ ծնվեց հայոց ողբի պատմություն։
Ո՜չ,ակտիվներն օգտատեր դարձան,
Թա՜նկ է ավարը արնոտ ձեռքերի.
Ովքեր խելոք էին անխոս հեռացան,
Որ հեռվի՜ց սգան ջարդը հայերի։
Եվ հետո հանկարծ ետ վերադարձան,
Դեմքերով հստակ սրտացավների,
Ե՛վ պոռնկությո՜ւնը դարձավ կուսական,
Ե՛վ արյունո՜տն էլ՝ օգնո՜ղ ձեռքերի։
Ես ինչպե՞ս պատռեմ քողն իմ աչքերի,
Այդ օգնողների՞ն ինչպես հավատամ,
Երբ որ արդեն իսկ իրենց բառերի,
Ուժն է հոշոտում հայերե՜նն անգամ։
Եվ մեսրոպախոս բերանները մեր,
Վճռական պահին հաճախ են լռում,
Թե ժամանակին կային պատմիչներ
Հիմա խոսո՜ւմ են միայն եթերում։
Բայց և խոսքերն էլ արժեքներ չունեն,
Հասարակության ձայնն է երերուն,
Այժմ խոսուն են, որոնք փող ունեն,
Եվ իրենց ձեռքն է օրենք ու ներում։
Ես ինչպե՞ս երգով իմ առաջ գնամ,
Մինչ ազգի ներսում լի է բարկություն,
Երբ համոզվել են մարդիկ շատ անգամ.
Հայաստանն էլ է միապետությո՜ւն։
Որտեղ գործում են դեռ հի՜ն պատմական,
Առեղծվածային վարքերն այն բոլոր,
Ուր հորից հետո տեղը պատվական,
Միշտ էլ որդի՜ն է կարգվում թագավոր։
Եվ թագավորական մի պալատի տեղ,
Պապից մինչև ծոռ պալատնե՜ր ունեն.
Երբ որ ազգի՛ց են թալանում այսօր,
Իրենց ազգայինն ումի՞ց պաշտպանեն…
Սևակ Բերդ